Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+24

ԼՂՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

17.03.2016, 11:28
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը։
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իբր երեկ հայկական ստորաբաժանումները պաշտպանության բնագծի հյուսիսարևելյան ուղղությամբ գնդակոծել են Թափկարակոյունլու բնակավայրը՝ թիրախ ընտրելով տներն ու գյուղի դպրոցը:

ՊԲ մամուլի ծառայությունն իրազեկում է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածված լուրը ոչ այլ ինչ է, քան իրավիճակն արհեստականորեն սրելուն ուղղված հերթական սադրիչ ապատեղեկատվություն:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն ձեռնպահ են մնում խաղաղ բնակավայրերն ու օբյեկտները հարվածի տակ առնելու գործողություններից, այլև հակառակորդի դիրքերի ուղղությամբ կանխարգելիչ քայլերի են դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահեն մնացել պատասխան գործողություններից և շարունակելվստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-