Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

17.05.2016, 20:50
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը։
Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայի շուրջ` նախօրեին Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում», – նշել է Պեսկովը։

Խորհրդակցությանը մասնակցել են Կրեմլի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովը, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և նրա տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը, ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԴԾ պետ Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Միխայիլ Ֆրադկովը։ 

Երկուշաբթի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաքում կայացել է ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների ներկայությամբ:

Վիեննայում բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են պահպանել հրադադարը տարածաշրջանում` 1994–1995 թթ.–ին ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Կողմերը նաև պայմանավորվել են, որ ԵԱՀԿ–ն կձևավորի կոնկրետ քայլեր` շփման գծում միջադեպերի քննության համար, կլուծի անհետ կորածների խնդիրները։ Բացի այդ, երկու երկրների նախագահները հայտարարել են, որ կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը, որի ժամանակ կշարունակվի ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորման պարամետրերի համաձայնեցմանն ուղղված աշխատանքը։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-