ՌԴ դեսպան. ՌԴ–ն աշխատում է բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված առաջնահերթ ուղղություններից մեկը կողմերի միջև ուղիղ երկխոսության բարենպաստ պայմանների ստեղծման խթանումն է։ Այս մասին երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է, և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դա ևս մեկ անգամ վերահաստատեց։ Մենք, բնականաբար, աշխատում ենք ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում և մտադիր ենք շարունակել այդ ձևաչափում։ Մեր կարծիքով, այս խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` երկու կողմերի համաձայնության հիման վրա», – նշեց Կոպիրկինը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:17 18.12.2018