Ռուսաստանը թույլ չի տա պատերազմի վերսկսում. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./ԱՌԿԱ/. Ռուսաստանը թույլ չի տա պատերազմի վերսկսում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով լարված իրավիճակը տարածաշրջանում։
«Մեր տարածաշրջանում միշտ գոյություն ունի պատերազմի վերսկսման վտանգ, և մենք պետք է պատրաստ լինենք այդ սցենարով իրադարձությունների զարգացմանը։ Բոլորս էլ հասկանում ենք, որ Ռուսաստանը, որպես գերտերություն, հնարավորություն ունի թույլ չտալու պատերազմի վերսկսում», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, նա չի կարող հավատալ, որ Հայաստանի բարեկամ և ռազմավարական գործընկերն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտալու համար։
Միաժամանակ Փաշինյանը նշեց, որ կշարունակվեն աշխատանքները ՀԱՊԿ–ի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
«Չեմ հավատում, որ Ադրբեջանի նախագահը կգնա ինչ–որ գործողությունների, սադրանքների առանց համապատասխան աշխարհաքաղաքական պայմանների առկայության, հետևաբար մենք պետք է ավելի նախանձախնդիր վերաբերվենք մեր պայմանավորվածություններին», – ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Մոսկվա կատարած իր վերջին այցից հետո հայտարարել է`Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունները պետք է լինեն «առանց մութ անկյունների»։
«Մենք վարում ենք բաց և ազնիվ քաղաքականություն և′ Ռուսաստանի, և′ ԵՄ–ի, և′ ՆԱՏՕ–ի հետ։ Այդ քաղաքականության վրա չեն ազդում այլ երկրների հետ փոխհարաբերությունները», – ասաց նա։
Փաշինյանը նաև նշեց, որ ընդհանուր առմամբ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված չնայած, որ վիճակագրության համաձայն` կրակոցների թիվը շփման գծում փոքր–ինչ նվազել է։–0–