Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Սանկտ Պետերբուրգում այսօր տեղի կունենա եռակողմ գագաթնաժողով` նվիրված ԼՂ հիմնախնդրին

20.06.2016, 11:22
Երկուշաբթի Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում` Սանկտ Պետերբուրգում, տեղի կունենա ԼՂ հիմնախնդրին նվիրված եռակողմ գագաթնաժողով` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։
Սանկտ Պետերբուրգում այսօր տեղի կունենա եռակողմ գագաթնաժողով` նվիրված ԼՂ հիմնախնդրին

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում` Սանկտ Պետերբուրգում, տեղի կունենա ԼՂ հիմնախնդրին նվիրված եռակողմ գագաթնաժողով` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ 

Ինչպես ավելի վաղ լրագրողներին տեղեկացրել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նախատեսվում է, որ սկզբում Պուտինն առանձնազրույցներ կվարի Սարգսյանի և Ալիևի հետ, իսկ հետո արդեն երեք նախագահները միասին կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հիմնահարցը։

Ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ` պետերբուրգյան հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Պիեր Անդրիեն (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ)։

Ուշակովն ընդգծել է, որ Կրեմլը մտադիր է ակտիվ քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցելու նպատակով։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն վճռորոշ դերակատարություն է ունեցել 2016 թ.–ի ապրիլի սկզբին ԼՂ–ում գրանցված ռազմական գործողությունների դադարեցման հարցում։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի կարծիքով` Սանկտ Պետերբուրգում նախատեսված Սարգսյան–Ալիև նոր հանդիպումը քննություն կդառնա Ադրբեջանի համար։ Քոչարյանն ընդգծել է, որ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների կատարումը շատ կարևոր է` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու համար։

Ավստրիայի մայրաքաղաքում մայիսի 16–ին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ապրիլյան սրացումից հետո առաջին հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, ինչի արդյունքում կողմերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ։

Միաժամանակ, հայ փորձագետներն առանձնահատուկ լավատեսությամբ չեն վերաբերվում պետերբուրգյան բանակցություններին։ Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը նշեց Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը, քիչ հավանական է, որ կոնկրետ արդյունքներ կգրանցվեն եռակողմ հանդիպման շրջանակում։ Նրա խոսքով` Ռուսաստանի կողմից նոր առաջարկներ չեն ստացվի։

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանի կարծիքով` այս հանդիպման ժամանակ կքննարկվեն ավելի շատ տեխնիկական, ոչ թե քաղաքական հարցեր։ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը դեռ այսքան հեռու չի եղել խաղաղ կարգավորումից», – կարծում է նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-