Տիգրան Սարգսյանը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ ԵՏՀ Կոլեգիայի աշխատանքում միասնականություն ապահովելու համար
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) պետք է ամրապնդի ԵՏՄ–ի ինտեգրացիոն գործընթացները, հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը` երեքշաբթի բացելով Կոլեգիայի նոր կազմի նիստը, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ–ում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Սարգսյանը փետրվարի 1–ից գլխավորել է ԵՏՀ Կոլեգիայի նորացված կազմը։
«Մենք գիտակցում ենք, որ լուրջ խնդիր ենք ստանձնում, որը վերաբերում է եվրասիական տնտեսական տարածքի շրջանակում ինտեգրացիոն գործընթացների ամրապնդմանը։ Պետք է լինենք այդ շարժման ավանգարդում և իրականացնենք այդ խնդիրը։ Միաժամանակ ԵՏՀ–ն, որպես անդրազգային մարմին, պատասխանատվություն է կրում ինտեգրացիոն գործընթացների խթանման համար», – նշել է Սարգսյանը։
«Մեր նախագահների որոշումներում ապահովված է հաջորդականությունը։ Եվ այսօր դա զգալիորեն դյուրացնում է իմ աշխատանքը։ Կոլեգիայի անդամների մեծ մասն արդեն կրել են բարդ բեռը եվրասիական տարածքի ձևավորման առաջին փուլում և իրականացրել են հսկայական աշխատանք», – նշել է Սարգսյանը։
Նա նաև ավելացրել է, որ այսօր առաջացել են նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, որոնք ազդում են երկրների տնտեսական գործընթացների վրա։
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ ավելի հեշտ կլինի լուծել այն խնդիրները, որոնք մեր առջև դրել են նախագահները։ Պետք է համախմբենք փորձն ու իմաստություն դրսևորենք։ Վստահ եմ, որ չի կարելի կանգ առնել, պետք է մշտապես առաջ շարժվել։ Միաժամանակ մենք պետք է միասնական լինենք։ Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ միասնականությունն առկա լինի մեր թիմում` Կոլեգիայում և մեր աշխատանքում», – ընդգծել է Սարգսյանը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵՏՄ–ի` մշտապես գործող անդրազգային կարգավորիչ մարմինն է, այն սկսել է գործել 2012 թ.–ի փետրվարի 2–ից։ ԵՏՀ–ում այժմ ներառված են հինգ երկրների ներկայացուցիչները` Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան և Ռուսաստան։
Հանձնաժողովի որոշումները պարտադիր են ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում կատարման համար։ -0-