Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Վարդան Արամյանը վայր դրեց Հայաստանի ֆինանսների նախարարի պաշտոնակատարի լիազորությունները

10.05.2018, 17:58
Հայաստանի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին։
Վարդան Արամյանը վայր դրեց Հայաստանի ֆինանսների նախարարի պաշտոնակատարի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին։

Այդ մասին ինքը` Արամյանը, գրել է Facebook–ի իր էջում, նշելով, որ իրեն վստահված պաշտոնին վերաբերվել է մեծ պատասխանատվությամբ:

«Մեր թիմով նպատակադրվել էինք լուծել մեր երկրի համար մի շարք առանցքային խնդիրներ, դիմակայել մարտահրավերներին և դրանք պատվով հաղթահարել: Այս կարճ ժամանակահատվածում փորձել եմ անել հնարավորը պետական ֆինանսների կառավարման ոլորտում դրական զարգացումներ գրանցելու համար` ի նպաստ մեր երկրի ապագայի»,– գրել է Արամյանը։

Նրա խոսքով, ինքը վայր է դնում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի լիազորությունները՝ հույս ունենալով, որ նոր կառավարությունը կշարունակի արդյունավետ լուծումներ գտնել Հայաստանն առավել բարեկեցիկ ու տնտեսապես կայուն դարձնելու բարդ և պատասխանատու գործում:

Արամյանը շնորհակալություն է հայտնել ֆինանսների նախարարության ողջ անձնակազմին՝ նվիրումի, բարձր արհեստավարժության և արդյունավետ աշխատանքի համար, ինչպես նաև նրանց, ում հետ պատիվ է ունեցել աշխատելու։ Նա նաև շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին իրենց օպերատիվ և անաչառ լուսաբանման համար:

«Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, տնտեսական կայունություն և զարգացման նոր հեռանկարներ, իսկ նոր կառավարությանը՝ հաջողություններ իր նախաձեռնություններում և ջանքերում: Միաժամանակ վստահեցնում եմ, որ ամենայն պատասխանատվությամբ կատարելու եմ նախարարի պաշտոնակատարի բոլոր գործառույթները մինչև նորանշանակ նախարարի կողմից սույն պաշտոնի ստանձնումը՝ սահուն անցումն ապահովելու համար»,– ասվում է Արամյանի գրառման մեջ։ -0-