Ղարաբաղում մեկնարկել են բազմաստիճան շտաբային զորավարժություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի զինված ուժերում հուլիսի 18-ից մեկնարկել են բազմաստիճան շտաբային զորավարժություններ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Զորավարժություններին մասնակցում են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբները, ղեկավարման և ապահովման մարմինները:
«Զորավարժության նպատակն է կատարելագործել զինված ուժերի ղեկավարման համակարգը, հրամանատարների ու շտաբների գործնական ունակությունները, դրանց պատրաստության և փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև բարձրացնել բոլոր օղակի ղեկավարման մարմինների մարտավարամասնագիտական կարողություններն ու բարոյահոգեբանական հատկանիշները, ներգրավված սպայակազմի՝ իրադրության գնահատման և որոշումներ ընդունելու ունակությունները, դաշտային վարժվածության մակարդակը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Զորախաղերի շրջանակում իրականացվում է մասնակից զորամասերին կցագրված սպայակազմի մասնակի լրահամալրում, անց են կացվում մարզումներ, ստուգվում մարտական ռեժիմով աշխատելու ունակությունները: -0-