ԶԼՄ-ները հրապարակել են ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածուի անունը
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Որպես Հայաստանի պաշտպանության նախարարի թեկնածու դիտարկվում է ԱԻՆ-ի ղեկավար Դավիթ Տոնոյանը, հայտնում է «Փաստ» օրաթերթը:
«Երեկ մամուլում շրջանառվում էր լուրն այն մասին, թե պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ապրիլին հնարավոր է նշանակվի պաշտպանության նախարար: Իբր իշխանական վերին օղակներում քննարկվում է այս տարբերակը: Վիգեն Սարգսյանը կգնա ԱԳՆ, ԱԳՆ–ի ղեկավարը՝ ՀՀ նախագահ, Ա. Զաքարյանն՝ էլ ՊՆ: Սակայն այս տարբերակը քիչ հավանական է», - գրում է թերթը:
«Փաստի» աղբյուրի վկայությամբ՝ պաշտպանության նախարարի պաշտոնի համար ավելի լուրջ աշխատանքներ են տարվում մեկ ուրիշ կենտրոնից: «Փաստին» հայտնի է դարձել, որ պաշտպանության նախարարությունից արտակարգ իրավիճակների նախարարություն տեղափոխված կադրերը և ՊՆ–ում մնացած Դավիթ Տոնոյանի մտերիմները ջանասիրությամբ լոբբինգ են անում հանուն Դավիթ Տոնոյանի: Լուրեր են տարածում, թե իբր պաշտպանության նախարարությունում անհամբեր ու սիրով սպասում են Դավիթ Տոնոյանի վերադարձին՝ այս անգամ որպես նախարար:
Թերթը գրում է, որ վերջերս մի հավաքի ժամանակ դարձյալ քննարկել են այդ հարցը, որին ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Բոլորը միաբերան Տոնոյանին որպես պաշտպանության նախարար են դիտարկում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ այս ամենը, իհարկե, ապրիլի 9–ից հետոյի սցենարում է, երբ Սերժ Սարգսյանը կավարտի ՀՀ նախագահի պաշտոնում պաշտոնավարելը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:44 11.01.2018