Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

Ադապտացիոն շրջանն ավարտված է, եկել է լայնածավալ բարեփոխումների ժամանակը. վարչապետ

30.08.2018, 13:33
Փաշինյանի խոսքով, ադապտացիոն շրջանն ավարտված է, հիմա լրջորեն պետք է զբաղվել լայնածավալ բարեփոխումներով, որոնք տնտեսական և քաղաքական զարգացման նոր շունչ, լիցք և ալիք կբերեն Հայաստան։
Ադապտացիոն շրջանն ավարտված է, եկել է լայնածավալ բարեփոխումների ժամանակը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ադապտացիոն շրջանն ավարտված է, հիմա արդեն շատ լրջորեն պետք է զբաղվել բարեփոխումների լայնածավալ գործողություններով, որոնք իրենց հերթին տնտեսական և քաղաքական զարգացման նոր շունչ, լիցք և ալիք կբերեն Հայաստան, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները: Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումները, այսպես ասած, ցավոտ գործընթաց են, ես կարծում եմ, որ այս տրամաբանությունից պետք է հրաժարվենք, որովհետև բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփոխումների ուղղությամբ», – հայտարարեց ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով, եթե բարեփոխումներ իրականացնելու համար կան բավարար փաստարկներ, ապա դրանք պետք է ներկայացվեն հանրությանը:

«Պետք է ներկայացվի մեր մոտիվացիան, պատճառահետևանքային կապերը։ Վստահ եմ, որ մեր գործողություններն ու բարեփոխումները կլինեն ավելի արդյունավետ։ Պետք չէ մոռանալ, որ Հայաստանում դե–ֆակտո հաստատել է կառավարման նոր համակարգ, որը մենք պայմանականորեն անվանում ենք ուղիղ ժողովրդավարություն, և քայլերը պետք է բխեն այս տրամաբանությունից», – ասաց վարչապետը։

Նրա կարծիքով, արդեն հաջորդ շաբաթվանից հնարավորություն կա տարբեր ձևաչափերով երկխոսություն սկսել հասարակության հետ Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունների շուրջ։   

«Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, դրանք չպետք է լինեն հապշտապ, «ափալ-թափալ», թելադրված, չմտածված, դրանք պետք է ուղիղ և օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, առաջադրված խնդիրների և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության առաջադրած խնդիրների հետ», – հայտարարեց ՀՀ վարչապետը։–0-