Դատախազությունը Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի օրակարգում քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները: Փակ գաղտնի քվեարկությամբ երկու միջնորդություններին էլ խորհրդարանը տվել է իր համաձայնությունը:
Հիմք ընդունելով ԱԺ կայացված որոշումները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից նախաքննությունն իրականացնող մարմնին արդեն հանձնարարվել է Մանվել Գրիգորյանի նկատմամաբ հարուցել քրեական հետապնդում, ՀՀ հատուկ քննչական ծառայության միասնական վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում նրան ներգրավել որպես մեղադրյալ, առաջադրել մեղադրանք, ինչպես նաև Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը նաև հիշեցնում է, որ վերոնշյալ քրեական գործերով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:–0–