Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Հայ պատգամավորներն առաջարկում են ԱԺ–ի օրակարգում ներառել ԼՂՀ–ի անկախության ճանաչման հարցը

04.04.2016, 13:41
Ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկեց ԱԺ–ի օրակարգում ներառել և քննարկել ԼՂՀ–ի անկախության ճանաչման հարցը:
Հայ պատգամավորներն առաջարկում են ԱԺ–ի օրակարգում ներառել ԼՂՀ–ի անկախության ճանաչման հարցը

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկեց ԱԺ–ի օրակարգում ներառել և քննարկել ԼՂՀ–ի անկախության ճանաչման հարցը:

Նրա խոսքով, ներկա իրավիճակում այս հարցը դարձել է լիովին արդիական:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր հերթին հայտարարեց, որ կիսում է այդ մտահոգությունը, սակայն նախագահի գլխավորությամբ կայացած Ազգային անվտանգության նիստի ընթացքում տրվել է համագործակցության համապատասխան պայմանագիր կնքելու հանձնարարական:

Ազգային անվտանգության ապրիլի 2-ին կայացած նիստի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Արտաքին գործերի նախարարությունը պետք է համագործակցի Ղարաբաղի ԱԳՆ-ն հետ և աշխատի Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքելու ուղղությամբ։

«Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով»,– նշել է ՀՀ նախագահը։

«Արդեն աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ և դրանց ավարտից հետո հնարավոր է, որ քննարկվի նաև այդ հնարավորությունը», - ասաց Շարմազանովը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։

Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 20 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, 5 միավոր այլ զրահատեխնիկա, այդ թվում` 1 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա և Ադրբեջանի ԶՈւ–ի 3 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը կորցրել է մեկ տանկ, ունի 18 զոհ, մոտ 40–ը վիրավոր է։ –0–