Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել

15.10.2024, 17:12
Փաշինյանն Ալիևին առաջարկել է ԱԳ նախարարների մակարդակով հանդիպել և  COP-29-ից առաջ պայմանագիր ստորագրել. Խանդանյան
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Փաշինյանն Ալիևին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները, նախքան Բաքվում COP-29-ի կայացումը, ստորագրեն պայմանագիրը։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: 

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ հոկտեմբերի 14-ի հայտարարությանը, թե Հայաստանը հրաժարվել է Բրյուսելյան հարթակում ընթացող բանակցությունները շարունակելուց, Խանդանյանը հիշեցրեց, որ դեռ 2023 թվականին Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել Գրանադայի, ապա նույն թվականի հուլիսի 15-ի և մյուս հանդիպումներից։

«Հավելեմ, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ստանձնած հումանիտար բնույթի մի շարք հանձնառություններ, ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակելու վերաբերյալ»,- նշում է Խանդանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ոչ թե հրաժարվել, այլ նպատակահարմար չի համարել նոր ֆորմատով հանդիպումը եւ Ադրբեջանին առաջարկել է Մեծ Բրիտանիայում ունենալ երկկողմ հանդիպում, ինչից հրաժարվել է Ադրբեջանը։

«Որքան տեղյակ եմ, հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի ունեցած ոչ ֆորմալ շփումների ժամանակ վարչապետ Փաշինյանը նախագահ Ալիեւին առաջարկել է երկկողմ հանդիպում ունենալ: Ավելի ճիշտ, առաջարկվել է, որ ԱԳ նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա առաջնորդները նախքան Բաքվում COP-29-ի կայացումը ստորագրեն պայմանագիրը: Ես, անկեղծ ասած, Ադրբեջանի արձագանքից տեղյակ չեմ, բայց հույս ունեմ այս տրամաբանությունը հնարավոր կլինի իրագործել»,- եզրափակել է նա։