Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

Տյագնիբոկը պահանջում է ետ կանչել Ղազախստանում և Հայաստանում Ուկրաինայի դեսպաններին

20.03.2014, 15:50
«Ազատություն» կուսակցության նախագահ Օլեգ Տյագնիբոկը պահանջում է ետ կանչել Ղազախստանում և Հայաստանում Ուկրաինայի դեսպաններին, հայտնում է 24tv.ua–ն։
Տյագնիբոկը պահանջում է ետ կանչել Ղազախստանում և Հայաստանում Ուկրաինայի դեսպաններին
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. «Ազատություն» կուսակցության նախագահ Օլեգ Տյագնիբոկը պահանջում է ետ կանչել Ղազախստանում և Հայաստանում Ուկրաինայի դեսպաններին, հայտնում է 24tv.ua–ն։

«Կան որոշ երկրներ, որոնք սկսել են ճանաչել Ղրիմի հանրաքվեն։ Մասնավորապես, տեղեկությունը Ղազախստանի և Հայաստանի մասին է։ Այդ իսկ պատճառով անհապաղ ետ կանչել մեր դեսպաններին»,– ասել է Տյագնիբոկը` ելույթ ունենալով խորհրդարանում։

«Ազատության» առաջնորդն առաջարկում է ետ կանչել Ղազախստանի և Հայաստանի դեսպաններին բացատրություններ տալու համար։

Նախօրեին կայացած հեռախոսազրույցում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիներին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը։ Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը:

Ղրիմում մարտի 16–ին ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվե անցկացվեց։ Պաշտոնական տվյալների համաձայն` ընտրողների ավելի քան 96 տոկոսը «կողմ» է քվեարկել Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառմանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարան Ռուսաստանի կազմում Ղրիմի և Սևաստոպոլի ներառման մասին սահմանադրական օրենքներ է մտցրել: Ավելի ուշ Կրեմլում Ռուսաստանն ու Ղրիմը Ռուսաստանի կազմում հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի ներառման մասին պայմանագիր են ստորագրել։ -0-