Հայաստանը USAID–ի հետ համագործակցությամբ կոռուպցիայի դեմ պայքարի մասշտաբային ծրագիր է սկսում

Հայաստանը USAID–ի հետ համագործակցությամբ կոռուպցիայի դեմ պայքարի մասշտաբային ծրագիր է սկսում

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ուրբաթ կառավարությունում ստորագրվել է համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև 2013 թ. սեպտեմբերի 28-ին կնքված օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը:

Այս ծրագրի նպատակն է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարության աշխատակազմին` ի կատար ածելու ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը: Այն կիրականացնի ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինը՝ որպես Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քարտուղարություն:

Օժանդակությունը հնարավորություն կտա ուղղակիորեն ձեռք բերել բարձրակարգ միջազգային և/կամ տեղական տեխնիկական օժանդակություն՝ ճանապարհային քարտեզի ստեղծման և գերակա ճանաչված՝ կրթության, պետական եկամուտների, առողջապահության և քաղաքացիներին տրամադրվող ոստիկանական ծառայությունների ոլորտներում հակակոռուպցիոն ռազմավարության գործարկման համար:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 806.390 ԱՄՆ դոլար, որից ԱՄՆ ՄԶԳ կողմից ծախսերի փոխհատուցում` 749.110 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրում` 57280 ԱՄՆ դոլար:

Հատկացվող միջոցներն ուղղվելու են երեք նպատակի իրականացմանը՝ փորձագիտական հանձնախմբի ստեղծում` Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հետ աշխատելու նպատակով, ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում և շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործողություններն ու նախաձեռնությունները կընդգրկեն 2016 թ. փետրվարի 5-ից 2017 թ. ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով համաձայնագրի ստորագրումը, նշել է, որ կա հստակ քաղաքական կամք՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը կյանքի կոչելու համար, և նշված համաձայնագրի ստորագրումը հաջողության հասնելու կարևոր բաղադրիչներից է:

«Մեր մոտեցումները համընկնում են, և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաջողություն ունենանք: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ ջանքերը Հայաստանի զարգացման, քաղաքացիական հասարակության ձևավորման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում և կարևորում ենք շարունակական համագործակցությունը», – ասել է Աբրահամյանը։

" Քարեն Հիլիարդն իր հերթին ողջունել է ՀՀ կառավարության հետևողական ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում, Խորհրդի աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներգրավումը և Հովիկ Աբրահամյանին փոխանցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի բարձր գնահատականն այս գործընթացում վարչապետի անձնական շահագրգռվածության համար:

Նրա խոսքով` ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է թե՛ ՀՀ կառավարության՝ թափանցիկությանն ուղղված նախաձեռնություններին, թե՛ քաղաքացիական հասարակության վերահսկողական ջանքերին։

Շեշտելով, որ ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում միշտ արդյունավետ է եղել՝ տիկին Հիլիարդը վստահություն է հայտնել, որ հաջողությամբ կպսակվեն նաև կոռուպցիայի դեմ պայքարում համատեղ ջանքերը՝ ուղղված թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը և իրական փոփոխությունների կատարմանը, որոնք կհանգեցնեն Հայաստանում կենսակերպի բարելավմանը: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:30 05.02.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×