Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանի վարչապետը հանձնարարել է ստուգել Ծառուկյանի բարեգործական գործունեությունը

16.02.2015, 18:31
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ստուգել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարեգործական գործունեությունը` կապված բարեգործության քողի տակ հարկերից խուսափելու մասին լուրերի հետ։
Հայաստանի վարչապետը հանձնարարել է ստուգել Ծառուկյանի բարեգործական գործունեությունը
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ստուգել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարեգործական գործունեությունը` կապված բարեգործության քողի տակ հարկերից խուսափելու մասին լուրերի հետ։

«Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը համապատասխան նամակ է ուղղել Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին»,– երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը։

Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ իրեն առաջարկել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։ –0–