Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Մոսկվայի շքերթը ցույց տվեց, որ Ռուսաստանի որևէ մեկուսացում չկա. Ալեքսանդրով

18.05.2015, 19:39
Մոսկվայի Հաղթանակի շքերթը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի որևէ մեկուսացում չկա և չի կարող լինել, «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասել է ՄՄՀՊԻ ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը։
Մոսկվայի շքերթը ցույց տվեց, որ Ռուսաստանի որևէ մեկուսացում չկա. Ալեքսանդրով
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի Հաղթանակի շքերթը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի որևէ մեկուսացում չկա և չի կարող լինել, «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասել է ՄՄՀՊԻ ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

Ալեքսանդրովի խոսքով` Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված ԱՄՆ քաղաքականությունը սկզբունքորեն չի փոխվել, փոխվել է միայն դրա իրականացման ձևը։ «Մայիսի 9–ի շքերթը, նոր ռազմական տեխնիկան, աշխարհի բազմաթիվ պետությունների, ընդ որում` առաջատար պետությունների` Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄԷ–ի առաջնորդների ժամանումը ցույց տվեց, որ Ռուսաստանի որևէ մեկուսացում չկա և չի կարող լինել»,– ասել է Ալեքսանդրովը։

«Միաժամանակ մենք տեսել ենք նախագահ Պուտինի քաղաքականության զանգվածային սատարում «Անմահ գունդ» ցույցի ժամանակ, որը միայն Մոսկվայում ավելի քան կես միլիոն մարդ հավաքեց։ Այսինքն, բոլորին հայտնի էր, որ մեր հասարակությունը միաբան է, ուժեղ և ոչ մեկուսացված»,– ավելացրեց նա։

Փորձագետի խոսքով` ԱՄՆ–ն դրանից հետևություն է արել, և պետքարտուղար Ջոն Քերին շտապել է հանդիպել նախագահ Պուտինի հետ։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 12–ին այցելել է Ռուսաստան` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ռուս նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։

«Կարծում եմ, նախևառաջ, նա ցանկանում էր մեղմել այն անհարմար վիճակը, որը ստեղծվել էր այն բանից, որ ԱՄՆ–ն չէր շնորհավորել Ռուսաստանին Հաղթանակի 70–ամյակի կապակցությամբ, մինչդեռ բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ, այդ թվում` արևմտյան, արեցին դա։ Կարծում եմ, որ իր ժամանումով Քերին փորձում էր հարթել դա, նախևառաջ, Ռուսաստանի, ռուս ժողովրդի աչքում, այն մարդկանց աչքում, ովքեր կապված չեն քաղաքականության հետ»,– նշեց Ալեքսանդրովը։

Նա կարծում է, որ դրանում մեծ դեր է խաղացել Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը։

«Նա հասկացել է, որ ամերիկյան վարչակազմի ներկայիս կուրսը միայն բացասական արդյունքներ է տալիս, ռուս հասարակությունը հակաամերիկյան տրամադրվածություն ունի, և դա կարող է հանգեցնել միջազգային լուրջ հակամարտության»,– ասաց փորձագետը։

Ալեքսանդրովի խոսքով` Թեֆթը որոշել է հարթել սուր անկյունները և տեղեկացրել Վաշինգտոնին, որ պետք է փոխել քաղաքականության իրականացման ձևը, և դա արվել է` Քերին եկել է, ծաղկեպսակ դրել, մի քիչ քննադատել Պյոտր Պորոշենկոյին։

«Այցի մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ ԱՄՆ–ն այժմ ճնշված է աշխարհի բոլոր անկյուններում, նա արտաքին քաղաքականության լուրջ խնդիր ունի։ Հատկապես Մերձավոր Արևելքում, և նա չի կարողանում դուրս գալ այդ իրավիճակից»,– ավելացրել է քաղաքագետը։

Ալեքսանդրովն ավելացրել է, որ ԱՄՆ–ն չի խոստովանում, որ ռեսուրսներ չունի աշխարհի բոլոր շրջանները վերահսկելու համար, բայց նա չի ցանկանում պայմանավորվել այլ պետությունների հետ պատասխանատվությունը կիսելու վերաբերյալ։

«Եվ նրանք ստիպված են իրավիճակից ելքի հնարավորություններ փնտրել, որի մեջ իրենք են իրենց մտցրել։ Մասնավորապես, Քերիին պետք էր Ռուսաստանի օժանդակությունը Մերձավոր Արևելքում, մասնավորապես` Իրանի և Սիրիայի նկատմամբ։ Այդ իսկ պատճառով Քերին պատրաստ է հայտարարություններ անել, այդ թվում` Մինսկի պայմանավորվածությունների մասին Ուկրաինայում, այն մասին, որ Պորոշենկոն իրեն զգույշ պահի, Դոնբասում նոր պատերազմ չհրահրի»,– ասել է փորձագետը։

Սակայն, ըստ նրա, ԱՄՆ պետքարտուղարը փորձում է խաբել Ռուսաստանին հերթական անգամ, ստիպել նրան զիջումների գնալ այն ժամանակ, երբ ամերիկյան կողմը կսահմանափակվի բանավոր հայտարարություններով։

«Հնարավոր է, որ Պորոշենկոն ժամանակավորապես կդադարեցնի պատերազմը, բայց երբ ամերիկացիները մեզանից ստանան այն ամենը, ինչ նրանց պետք է, կրկին կաշխուժացնեն հակամարտությունը։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ ռուսական կողմին ձեռնտու չէ գնալ զիջումների ԱՄՆ–ին, պետք է նրանից Ուկրաինայի իրավիճակի իրական փոփոխության հասնել, ուկրաինական Սահմանադրության իրական փոփոխությունների, Դոնբասի կարգավորման իրական գործընթացի, և միայն դրանից հետո Ռուսաստանը կարող է օգնել նրանց սիրիական ճգնաժամի և իրանական միջուկային ծրագրի կարգավորման հարցերում»,– ասել է Ալեքսանդրովը։ -0-