ԱՄՆ իշխանություններն ավելացրել են TRIPP+ ձեռնարկատիրական հիմնադրամի ֆինանսավորման ծավալը 201 մլն դոլարից հասցնելով 402 մլն դոլարի. «Հետք»
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ իշխանությունները կրկնապատկել են TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի միջոցների ծավալը՝ 201 մլն դոլարից հասցնելով 402 մլն-ի: Այս մասին հայտոնում է «Հետքը»` հղում անելով ամերիկյան highergov.com կայքին, որը հետևում է, մասնավորապես, պետության կողմից հատկացվող դրամաշնորհներին:
Ըստ աղբյուրի՝ այս գումարի իրացման հիմնական վայրը լինելու է Հայաստանը:
Ինչպես նշում է հրատարակությունը, ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպական ու եվրասիական գործերի բյուրոն հունվարի 30-ին 201 մլն դոլար դրամաշնորհ է հատկացրել TRIPP+ ֆոնդին: Գումարը պետք է իրացվի գրեթե 11 տարում՝ մինչև 2036թ.-ի դեկտեմբերի 31-ը:
TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը հիմնադրվել է այս տարեսկզբին՝ հունվարի 26-ին, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վաշինգտոնյան հանդիպումից (13.01.2026) երկու շաբաթ անց:
Այդ հանդիպման ավարտին դիվանագետները հրապարակեցին փաստաթուղթ, ինչից պարզ դարձավ, որ կողմերը հիմնելու են Հայաստանի հարավով անցնող TRIPP երթուղու ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումն ապահովող ընկերություն՝ TRIPP Development Company («ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն»):
Հրապարակված պայմանագրերի համաձայն՝ դրա 26 %-ի բաժնետերը լինելու է ՀՀ-ն, իսկ 74 %-ինը՝ ԱՄՆ-ն, ավելի կոնկրետ՝ TRIPP Development Company US-ը, որը հիմնադրվելու է ԱՄՆ Դելավեր քաղաքում և լինելու է այդ երկրի պետական գործակալության՝ ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ կամ DFC- US International Development Finance Corporation) դուստր ընկերություն:
Միևնույն ժամանակ, TRIPP Development Company-ն և TRIPP+ ֆոնդը տարբեր սուբյեկտներ են:
TRIPP+-ի ղեկավար է նշանակվել ԱՄՆ գործող հանրապետական իշխանությանը և, մասնավորապես, նախագահ Թրամփին աջակցող գործարար Կոնստանտին Սոկոլովը: Նա նաև պաշտոնապես համարվում է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի 20 %-ի բաժնետերը։
«Հետք»-ի տվյալներով` Դելավերում գրանցված ընկերությունների որոնման պաշտոնական կայքում ֆոնդի անունը նշված է Trans-Caspian Enterprise Fund (Անդրկասպյան / Տրանսկասպյան ձեռնարկատիրական ֆոնդ):
TRIPP անունը «Trump Route for International Peace and Prosperity» արտահայտության հապավումն է։