Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության հռչակման կապակցությամբ

02.09.2016, 11:18
Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:

Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության հռչակման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նախագահը հանրապետության իշխանությունների և անձամբ իր անունից ի սրտե շնորհավորել է Արցախի ժողովրդին պետական կարևորագույն տոնի կապակցությամբ:

«1991 թվականի սեպտեմբերի 2-ը շրջադարձային եղավ արցախահայության կյանքում և փոխեց նրա պատմության ընթացքը: Մեր վճռորոշ ձայնը բարձրացնելով հօգուտ ազատ ու անկախ Արցախի` մենք ազգովի ձեռնամուխ եղանք պետականաշինության գործընթացին, սկսեցինք կառուցել ժողովրդավարական պետություն՝ միջազգային նորմերին ու սկզբունքներին համապատասխան»,– ասել է Սահակյանը։

Նա նշեց, որ Արցախի ժողովրդի արդար և օրինական պահանջին Ադրբեջանը հակադարձեց բռնություններով ու կոտորածներով ևսանձազերծեց արյունալի պատերազմ: Ուստի արցախցիները ստիպված էին զենք վերցնել և ամեն գնով պաշտպանել նորանկախ պետության ազատությունն ու անվտանգությունը, սեփական ժողովրդի խաղաղությունն ու անդորրը, պատմական հողն ու իրավունքները:

 

«Այդ ծանր օրերին, ինչպես նաև հետագա բոլոր տարիների ընթացքում Արցախի կողքին էին Մայր Հայաստանը և Սփյուռքը: Աշխարհասփյուռ հայության գործուն աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ մենք կարողացանք պատվով հաղթահարել բոլոր փորձություններն ու դժվարությունները, հաղթանակ տարանք մեզ պարտադրված պատերազմում և սկսեցինք շենացնել ու զորացնել բոլորիս համար թանկ ու նվիրական Արցախը, մեր Հայրենիքը»,– ընդգծեց ԼՂՀ նախագահը։

Նախագահը նշեց, որ Արցախի ժողովուրդը խորապես երախտապարտ է իր բոլոր բարեկամներին և բարձր է գնահատում նրանց ավանդը երկրի անկախ պետականության կայացման ու զարգացման գործում:

«Թանկագի՛ն հայրենակիցներ, այս տոնական օրը մենք հատուկ երախտագիտությամբ հիշում ենք մեր բոլոր նահատակներին, հայ ժողովրդի քաջ զավակներին, նրանց, ովքեր իրենց կյանքի գնով ճանապարհ հարթեցին մեր հայրենիքի պայծառ ու լուսավոր ապագայի համար»,– ասվում է նախագահի ուղերձում։

Սահակյանի խոսքով, արցախցիները պարտավոր են միշտ վառ պահել իրենց նվիրյալների հիշատակը, և դրա լավագույն ուղին ազատ ու անկախ Արցախի շարունակական զարգացումն ու զորացումն է:

ԼՂՀ նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է բոլորին հիշարժան տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք, Արցախի ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն: -0-