«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է ԱԺ–ի հերթական նիստը
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է ԱԺ–ի` փետրվարի 23-ի նիստը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«Հաշվի առնելով երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը` ԲՀԿ– խմբակցությունը բոյկոտում է քառօրյան։ Առաջիկա օրերին խմբակցության անդամները կքննարկեն ստեղծված իրավիճակը, հանդես կգան հայտարարությամբ և կներկայացնեն հետագա գործողությունների հստակ ծրագիրը»,– հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Նրա հայտարարությունից հետո խմբակցության անդամները լքեցին դահլիճը։ Հարկ է նշել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի պատգամավորների շարքում չէր։
Ինչպես ավելի վաղ նշել է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, այսօր ԱԺ–ում նախատեսվում էր քննարկել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական մանդատի հարցը։
Նախորդ շաբաթ սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն այն է, որ հրաժարվելն է իրեն առաջարկված համագործակցության բազմաթիվ տարբերակներից։
Փետրվարի 20–ին ԲՀԿ–ն պատրաստվում էր համատեղ հանրահավաք կազմակերպել երկու ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ, սակայն չորեքշաբթի հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանն իր հերթին կոչ արեց հայրենակիցներին երկրի բոլոր հարցերը լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։ –0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:37 23.02.2015