Չմասնակցել ուղղակի չի կարելի․ Սիմոնյանը՝ Բաքվում «3+3» ձևաչափով հնարավոր հանդիպման մասին
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չեմ բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում նախատեսվող միջոցառմանը։
Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Բաքվում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկը։
«Տարածաշրջանային որևիցե ֆորմատից դուրս մնալը, չմասնակցելը, չեմ կարծում, որ ճիշտ տրամաբանություն կլինի»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային ձևաչափով հանդիպումներին մասնակցել-չմասնակցելու հարցը այլևս քննարկելի հարց չէ։
«Եթե կան ինչ-որ խնդիրներ, մենք դրանք կբարձրաձայնենք։ Օրինակ՝ ինձ համար խնդիր է հանդիսանում պահվող անձանց, գերիների առկայությունը, բայց կարծում եմ, դա ինչպես նախկինում, նույնպես քննարկելի և լուծելի հարց է», – նշեց ԱԺ նախագահը։
Սիմոնյանի կարծիքով՝ հանդիպմանը չմասնակցել ուղղակի չի կարելի։
Ադրբեջանի ԱԳ նախարարը Իրանի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն առաջարկել է «3+3» տարածաշրջանային ձևաչափի հերթական հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Հայաստանում:
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել էր՝ նշելով, որ այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն: