Հայաստանի ընտրությունները չարձանագրեցին քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը. ՀՅԴ
08.05.2012,
16:02
Հայաստանի ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը և քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը, ասվում է ՀՅԴ Գերագույն մարմի հայտարարության մեջ, որը տրամադրվել է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը և քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը, ասվում է ՀՅԴ Գերագույն մարմի հայտարարության մեջ, որը տրամադրվել է «ԱՌԿԱ» գործակալությանը:
«Ցավոք, ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը և քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը: Պարզ դարձավ, որ համընդհանուր ընտրախախտումները ծրագրված էին և տեղի ունեցան տեղամասային կենտրոններից դուրս` մայիսի 6-ին և նախորդող օրերին»,- ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ իշխող կոալիցիայի անդամների անվան դիմաց գրանցվեցին բարձր արդյունքներ` «նախևառաջ ի հաշիվ պետական և վարչական լծակների ամբողջական օգտագործման ու ընտրակաշառքի վերածված աննախադեպ մեծ ֆինանսական միջոցների»։
«Անառարկելի փաստ է, որ ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա։ Այս իրողությունը վկայում է, որ սոցիալական դժվար վիճակի մատնված, իրավականորեն անպաշտպան, պետությունից օտարված հայ հասարակության բացարձակ մեծամասնությունը չկատարեց ազատ ու գիտակցված ընտրություն»,- նշել են ՀՅԴ-ում:
Նշվում է, որ Ժողովրդի ապաքաղաքականացումը, աղքատությունն ու թշվառությունը ընտրակաշառքի և ճնշումների միջոցով ապահովեցին իշխանությունների վերարտադրումը:
«Սա նաև նշանակում է, որ քաղաքական ուժերը, այդ թվում` ՀՅ Դաշնակցությունը, դեռ չեն կարողացել մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն արմատավորել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կուսակցությունում ընդգծել են, ՀՅ Դաշնակցությունը, որպես ինքնուրույն, հստակ սկզբունքներ դավանող քաղաքական ուժ, ընտրական արդյունքների առումով իր այս նահանջը սառնասրտորեն ձեւակերպում է որպես գործունեության նոր փուլի սկիզբ` համընդհանուր պայքարի շարունակություն մինչև ամբողջական իշխանափոխություն:
Հայտարարություն ասվում նաև, որ ՀՅԴ-ն հանրությանը ներկայացավ ընտրական հստակ ծրագրով, որի «կենսագործման դեպքում բոլորս կապրեինք որակապես այլ երկրում»։
«Մենք հրապարակային աշխույժ քարոզարշավ անցկացրեցինք, մեր մոտեցումները հասցրեցինք ընտրողներին, արժանացանք համընդհանուր ընկալման։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին ՀՅ Դաշնակցության օգտին»,- նշվում է հայտարարության մեջ։--0--