Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպում են անցկացրել Նյու Յորքում և Վաշինգտոնում

20.11.2015, 11:13
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում հայտնել է, որ ՄԽ համանախագահները «գերազանց հանդիպումներ են անցկացրել Նյու Յորքում և Վաշինգտոնում»։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպում են անցկացրել Նյու Յորքում և Վաշինգտոնում

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում հայտնել է, որ ՄԽ համանախագահները «գերազանց հանդիպումներ են անցկացրել Նյու Յորքում և Վաշինգտոնում»։

 

 «Մենք միասնական ենք ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ տարվող մեր աշխատանքում»,– գրել է նա։

Ավելի վաղ Ուորլիքն իր էջում ևս մեկ գրառում էր կատարել, որում միջնորդների անունից ողջունել էր «Ադրբեջանի` շփման գիծը հատած հայ զինվորին վերադարձնելու մարդասիրական ժեստը»։ 

Ադրբեջանական կողմը նոյեմբերի 18–ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն է հանձնել ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային ծառայողին։ Այդ մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ>>

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին: 


Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-