ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Ղարաբաղի իրավիճակի սրման կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ և կոչ է արել կողմերին զերծ մնալ ռազմական գործողություններից։
Կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակած հայտարարությունում Սուարեշը կոչ է արել կողմերին` զերծ մնալ ռազմական գործողություններից և ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման համար։
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելի վաղ հայտնել էր լրագրողներին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Սոչիում ղարաբաղյան խնդրի քննարկման համար։ Նա հայտնել էր, որ «ամենայն հավանականությամբ, հանդիպումը կկայանա օգոստոսի 8-9–ին»։
Սուարեշը կոչ է արել միջազգային հանրությանը, այդ թվում` ԵԱՀԿ–ին, նորովի նայել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին և դիտարկել նոր գաղափարներ և մեխանիզմներ, որոնք կարող են օժանդակել խաղաղ գործընթացին։
Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:47 06.08.2014