Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահին
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է հայկական պետության մամուլի ծառայությունը։
Ուղերձում, մասնավորապես, նշվում է.
«Հարգելի՛ պարոն Սահակյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Պետական կառավարման մարմինների ժողովրդավարական և սահուն ձևավորման ընթացքը վկայում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու օգտին կատարած ընտրության անշրջելի բնույթը: Դա մարդու հիմնարար իրավունքները և ազատություններն անշեղորեն իրագործելու ուղին է: Այդ ճանապարհին Արցախի աննկուն և քաջարի ժողովրդի ստեղծած հանրապետությանն ապագայում ևս սատարելու և աջակցելու են Հայաստանի պետական բոլոր կառույցները և աշխարհասփյուռ ողջ հայությունը»։
Նախագահը համոզմունք է հայտնել, որ Բակո Սահակյանը շարունակելու է ազնիվ ծառայություն մատուցել Արցախին՝ հանուն ընդհանուր առաջընթացի և բարօրության:
«Խաղաղասեր և հերոսական մեր ժողորվրդի արշալույսները թող մշտապես խաղաղ լինեն»,- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: -0-