Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել Բելգիայի թագավորի հետ

23.11.2017, 21:00
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպել է Բելգիայի Թագավոր Ֆիլիպի հետ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել Բելգիայի թագավորի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպել է Բելգիայի Թագավոր Ֆիլիպի հետ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ 

Երկու երկրների ղեկավարներն ամփոփել են Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած քառորդդարյա ուղին, ինչպես նաև անդրադառնալու հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարին։

Զրուցակիցները հույս են հայտնել, որ այցի արդյունքում հայ-բելգիական բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն համագործակցության նոր նախաձեռնություններով։ 

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջպետական հարաբերություններին բնորոշ է եղել փոխադարձ վստահությունը, բոլոր հարցերում փոխըմբռնման հասնելու և միմյանց սատարելու ցանկությունը, ինչը, նախագահի համոզմամբ, մեծապես պայմանավորված է երկու ժողովուրդների պատմական անցյալով։

Նախագահը նշել է նաև, որ Բելգիան Հայաստանի համար կարևոր գործընկեր է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, մասնավորապես` ԵՄ-ում։ «Այդ համատեքստում Նախագահ Սարգսյանը և Բելգիայի Թագավոր Ֆիլիպն անդրադարձել են ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում քննարկվելիք հարցերի օրակարգին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման դինամիկային, նաև ԵՄ աջակցությամբ Հայաստանում մինչ այժմ իրականացված և ընթացող բարեփոխումներին, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված` Հայաստանի և ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթին` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին»,– ասվում է հաղորդագրությունում։

Նկատի առնելով, որ Բելգիան ԵՄ-ում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է, երկկողմ քաղաքական հարաբերություններից բացի կողմերը քննարկել են նաև հայ-բելգիական առևտրատնտեսական կապերի հետագա խորացման հնարավորությունները: 

Հանդիպման ժամանակ Հանրապետության նախագահը հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Բելգիային` ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: -0-