Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ վարչապետը Թուրքիայի նախագահին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքները

11.08.2025, 17:51
ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը տարածաշրջանային նոր որակի համագործակցություն հաստատելու հնարավորություն է ստեղծում
ՀՀ վարչապետը Թուրքիայի նախագահին է ներկայացրել  ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը Թուրքիայի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը տարածաշրջանային նոր որակի համագործակցություն հաստատելու հնարավորություն է ստեղծում։

Քննարկվել են նաև Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի հարցեր, մասնավորապես, նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Վարչապետը նշել է, որ այդ պայմանավորվածությունների իրագործման համար մթնոլորտն առավել քան երբևէ նպաստավոր է։

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը։

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։