ՀՀ նախագահը ստորագրել է փոխվարչապետին պաշտոնից ազատելու հրամանագիրը

ՀՀ նախագահը ստորագրել է  փոխվարչապետին պաշտոնից ազատելու հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Արմեն Գևորգյանին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի, փոխվարչապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի` պաշտոնից ազատվելու մասին նախօրեին հայտնել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նրա խոսքով` Գևորգյանն ազատվելու մասին դիմում է ներկայացրել` կապված մասնավոր հատվածում աշխատանքի տեղափոխվելու հետ, սակայն նա մտադիր է շարունակել համագործակցել կառավարության հետ։

«Շնորհակալ եմ բազմամյա համագործակցության համար և արդյունավետ աշխատանք եմ մաղթում նոր տեղում», - ասաց Աբրահամյանը։ -0-

Գևորգյանն իր հերթին նշեց, որ չափազանց զգացված է իր որոշման նկատմամբ ցուցաբերած ըմբռնումից։

Նա շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին բազմամյա համատեղ աշխատանքի համար` երախտագիտություն հայտնելով միջազգային կազմակերպություններին և Նախագահին` վստահության համար։

«Ես հեռանում են իսկապես բավարարվածության խորը զգացումով և համոզված եմ, որ իմ գիտելիքները և հմտությունները կշարունակեն ծառայել հանրային գործին», - ասաց Գևորգյանը։

Արմեն Գեւորգյանը ծնվել է 1973թ. Երևանում: 1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։1993-1996թ.թ. եղել է Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, որն ավարտելիս պաշտպանել է գիտությունների թեկնածուի ատենախոսություն։1995թ.1996թ. համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդեռլանդներ) համալսարանի մագիստրատուրան «Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում» մասնագիտությամբ։

1997-1998թ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։1998թ. ապրիլի 13-ից եղել է ՀՀ Նախագահի օգնական, օգոստոսից՝ ՀՀ Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։2000-2006թ.թ.եղել է ՀՀ Նախագահի առաջին օգնականը։2006թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։

2007թ. հունիսից մինչեւ 2008թ. ապրիլ ամիսը զբաղեցել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

ՀՀ Նախագահի 2008թ. ապրիլի 21-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար։ Նույն օրվա մեկ այլ հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ՀՀ Նախագահի 2008 թ. մայիսի 6-ի հրամանագրով նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ:

ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 16-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում, նույն օրվա մեկ այլ հրամանագրով` ՀՀ փոխվարչապետի պաշտոնում: Նույն պաշտոններում վերանշանակվել է նաև ՀՀ Նախագահի 2013թ. մայիսի 8-ի համապատասխան հրամանագրերով:

ՀՀ Նախագահի 2014թ. ապրիլի 26-ի և ապրիլի 27-ի հրամանագրերով վերանշանակվել է համապատասխանաբար ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ ՀՀ փոխվարչապետի պաշտոններում:

Պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հուշամեդալներով:

Մանկավարժական գիտությունների թեկնածու է։Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին։

Անկուսակցական է։Ամուսնացած է, ունի երկու որդի եւ մեկ դուստր։--0--



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:19 17.10.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×