Կառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է գործադիր մարմնում հնարավոր կադրային փոփոխություններին՝ նշելով, որ նախարարների և փոխվարչապետերի մակարդակով փոփոխություններ չի տեսնում։
«Ընդհանուր առմամբ, կառավարության կազմում փոփոխություններ չեմ տեսնում, չեմ նախատեսում, այսինքն՝ կառավարության անդամների` փոխվարչապետեր և նախարարներ։ Այլ մակարդակներում որոշ փոփոխություններ, ենթադրում եմ, որ տեղի կունենան»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև հիշեցրեց վերջերս իր կողմից արված հայտարարությունը, որով աշխարհի 200 լավագույն բուհերի շրջանավարտներին հրավիրում է ներառվելու կառավարության կադրային բանկում` ընդգծելով, որ այդ հայտարարության հրապարակման ժամանակահատվածը պատահական չէր ընտրված։
«Եթե կլինեն այնպիսի մարդիկ, որոնք որոշակի չափանիշների կհամապատասխանեն և կառավարության ռազմավարական տեսլականը կկիսեն, ես չեմ բացառում, որ հենց այս փուլում տեղի կունենան նշանակումներ։ Համենայնդեպս, իմ մտադրությունը դա է, որ մենք նաև նոր մարդկանց բերենք»,- նշեց վարչապետը։