«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտնել է իր պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին
«Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ»,- գրել է նա Facebook-յան իր էջում։
Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել իր քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստան»-ին, միասին անցած ճանապարհի համար և մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։
«Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել և ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել ։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ»,- գրել է պատգամավորը։
Նա նաև հատուկ շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իր կողքին են եղել իր քաղաքական գործունեության ամենադժվարին պահերին, խրախուսել և քաջալրել են իրենց աջակցությամբ և բարի խոսքով։
«Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, սա իմ վերջին հայտարարությունն է այս թեմայով, խնդրում եմ նկատի ունենալ, որ այլ մեկնաբանություններ ԶԼՄ-ների համար չեն լինելու»,- գրել է Թանդլյանը։
Նա նաև հայտնել է իր Facebook-յան ընկերներին, որ տաս օրվա ընթացքում, իր Facebook-յան հաշիվը կապաակտիվանա։-0-