Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ստորագրեց կառավարության հրաժարականը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում ստորագրեց կառավարության հրաժարականը։
Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը կառավարությունը հրաժարական է ներկայացնում։ ՀՀ վարչապետը ստորագրել է կառավարության հրաժարականը։ Այն ուղարկվել է ՀՀ նախագահին։
Նշենք, որ այսօր ժամը 10։00–ին մեկնարկել է 9–րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։
Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է, որ մինչև նոր կառավարության ձևավորումը կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները։
«Հաջորդիվ Սահմանադրության 149–րդ հոդվածն ասում է, որ հանրապետության նախագահը նորընտիր ԱԺ–ի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանի մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Այսօր խորհրդարանական մեծամասնությունը հանրապետության նախագահին կներկայացնի վարչապետի թեկնածուին և համապատասխանար տեղի կունենա նշանակում՝ համաձայն Սահմանադրության 149–րդ հոդվածի», – նշել է Փաշինյանը։
Նշենք, որ կառավարության հրաժարականը պայմանավորված է խորհրդարանական ընտրություններից և նոր գումարման խորհրդարանի լիազորությունների ստանձնումից հետո նոր կառավարության ձևավորման՝ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով:
Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների և մշտական հանձնաժողովների ղեկավարների ընտրությունից հետո խորհրդարանը կքննարկի պատգամավորական մեծամասնության կուսակցության առաջադրած վարչապետի թեկնածությունը: Այնուհետև կձևավորվի նոր կառավարություն, որը պատգամավորներին կներկայացնի իր գործունեության ծրագիրը:
Ներկայումս Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, որը խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների մեծամասնությունը և 64 մանդատ Ազգային ժողովի նոր կազմում:
Կառավարության հրաժարականը կրում է ընթացակարգային բնույթ և չի նշանակում կաբինետի կողմից իր պարտականությունների կատարման ավտոմատ դադարեցում՝ մինչև նոր կազմի ձևավորումը: