Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Փաշինյան. ՀՀ-ն այսօր ավելի անկախ և ինքնիշխան է, քան երբևէ

30.09.2025, 17:59
Մեր նորածին խաղաղությունն այսօր արդեն 1 ամիս 22 օրեկան է, ասել է Փաշինյանը
Փաշինյան. ՀՀ-ն այսօր ավելի անկախ և ինքնիշխան է, քան երբևէ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, ավելի պետություն է, ինքնիշխան է, ավելի ժողովրդավար է, քան երբևէ։ ԵԽԽՎ-ում իր ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեկ այլ բան նույնպես տեղի ունեցավ։ Ժողովուրդն իր սեփական նախընտրական ասելիքը ձևավորեց և այն պատվիրակեց կառավարող մեծամասնությանը, և ժողովրդի նախընտրական ծրագրի առաջնային կետը խաղաղությունն էր։ Նա մեզ պատվիրակեց Հայաստանին բերել խաղաղություն։ Ժողովրդի այդ պատգամը մենք արձանագրեցինք Հայաստանի Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում, որպես ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորություն», - հայտարարել է Փաշինյանը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում։

Ըստ նրա, սա ոչ միայն Հայաստանի ժողովրդի և կառավարության, այլև Ադրբեջանի նվաճումն է։

«Առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անհատական և անձնական ներգրավվածության, առանց նրա անձնական ջանքերի հնարավոր չէր լինի հասնել այն արդյունքին, որին մենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հասանք ս/թ օգոստոսի 8-ին», - ասել է Փաշինյանը։

Նա այն անվանել է պատմական իրադարձություն, որը խաղաղություն է բերել Հայաստանին և Ադրբեջանին։

«Խաղաղությունն արձակուրդ կամ հանգիստ չէ, խաղաղությունն ամենօրյա աշխատանք է, խաղաղությունը նորածին երեխայի նման ամենօրյա խնամք է պահանջում իր նկատմամբ։ Մեր նորածին խաղաղությունն այսօր արդեն 1 ամիս 22 օրեկան է, և խանդաղատանքով պիտի խնամենք նրան, սիրենք ու հոգ տանենք նրա մասին, որ նա մեծանա, հասունանա, ուժեղանա և իրենով ծաղկեցնի Հարավային Կովկասի մեր տարածաշրջանը։», - ասել է Փաշինյանը։

Նա նաև ընդգծել է անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և երկարատև հակամարտության պատճառով անազատության մեջ հայտնված անձանց խնդիրների հասցեագրման կարևորությունը։

Վաշինգտոնյան հռչակագրի մասին  

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։  

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։