Փաշինյանը պարզաբանել է, որ պետական պարտքը կտրուկ աճել է, քանի որ մեծ քանակի զենք է գնվել
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ պետական պարտքը կտրուկ աճել է, քանի որ մեծ քանակի զենք է գնվել։
Հայաստանի համախառն պետական պարտքը 2025թ․–ի սեպտեմբերի 30–ի տվյալներով կազմել է 14 195.887 մլն դոլար։ 2018թ․–ի դեկտեմբերի վերջի դրությամբ այս ցուցանիիշը կազմել է 6 922.9 մլն դոլար։
«Ասում են՝ արտաքին պարտքը աճել է, ի՞նչ եք արել։ Չգիտե՞ք՝ ինչ ենք արել։ Չէինք ուզում ասեինք, դա էլ ասենք՝ զենք ենք առել, պարտքով ենք զենք առել, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից», – ասել է Փաշինյանն այսօր ԱԺ–ում 2026թ․–ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
«Չեք հավատո՞ւմ, իրավունք ունեք։ Ասում եմ՝ եկեք, տանենք, ցույց տանք, կարանք գնապիտակներն էլ վրից կպցնենք, թե որը ի՞նչ արժի։ Եկենք մեզ բանակի զենքերն էլ ձեզ ցույց տանք, ձեր ժամանակվա բանակի զենքերն էլ ցույց տանք։ Եկեք տանենք դնենք կողք-կողքի», – ասել է Փաշինյանը։
Նա նաև հիշեցրել է կորոնավիրուսի համավարակի մասին։
«Ի՞նչ ենք արել, բա չգիտե՞ք որ քովիդ է եղել, վարկ ենք վերցրել որ երկիրը կովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ», – ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ 2018թ․–ին Հայաստանի պաշտպանական բյուջեն կազմել է 245 մլրդ դրամ, իսկ 2025թ․–ին՝ 667 մլրդ դրամ։
Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանության ծախսերի կրճատում գրեթե 16%-ով՝ մինչև 560 միլիարդ դրամ։ Փաստաթղթի համաձայն, 2026 թվականին պաշտպանության ծախսերը կուղղվեն, մասնավորապես, մարտական պատրաստության պահպանմանը՝ զինված ուժերի ռազմավարական տեղակայումն ապահովելու և պետական սահմանների արտաքին թշնամիներից պաշտպանությունն ապահովելու համար ($1 – 382.09 դրամ)։