Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվել է
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռացել է ՀՔԾ–ից մոտ 3 ժամ տևած հարցաքննությունից հետո, հայտնում են հայկական լրատվամիջոցները։
ԶԼՄ–ների հաղորդմամբ, ՀՀ երկրորդ նախագահը հեռացել է հետնամուտքից թիկնազորի ուղեկցությամբ։
Ռոբերտ Քոչարյանը որպես վկա կանչվել է հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն 2008 թ.–ի մարտի 1–ի գործով։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով այն ժամանակ զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։ Գործով մեղադրյալ է ներգրավված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։
Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:10 26.07.2018