Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ամսով
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքը, հայտնել է նրա փաստաբանական թիմի ներկայացուցիչը։
Նա հայտնել է, որ դատարանը հիմնավոր կասկած է գտել Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքներից միայն մեկի դեպքում։
Փաստաբանները մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը։
Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մասին
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հունիսի 18-ի գիշերն իր առանձնատնից բերման է ենթարկվել ուժայինների կողմից։
Դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն։
Հունիսի 17–ին Կարապետյանն իր կարծիքն էր հայտնել իշխանություն–եկեղեցի առճակատման հարցով։
«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», – հայտարարել է Կարապետյանը։
Դրանից հետո ուժայիններն օպերատիվ գործողություններ են սկսել Կարապետյանի երևանյան առանձնատանը։ Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան:
Հունիսի 18-ին դատարանը բավարարել է գործարարին երկու ամսով կալանավորելու ՔԿ միջնորդությունը։
Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։