Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+25

Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի օրը այցելել Հայաստան

27.05.2014, 16:26
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրել է Թուրքիայի ապագա նախագահին 2015 թ.–ի ապրիլի 24–ին այցելել Հայաստան, երբ կնշվի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը։
Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի օրը այցելել Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրել է Թուրքիայի ապագա նախագահին 2015 թ.–ի ապրիլի 24–ին այցելել Հայաստան, երբ կնշվի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը։

Այս մասին Սարգսյանը հայտարարել է երեքշաբթի Երևանում` ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին։

Սարգսյանի խոսքերով` պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: «Նախևառաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց Ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք, և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը», – ասել է նախագահը։

Նրա խոսքերով` բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե որն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում և Սփյուռքում, բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել` ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ։

«Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան։ Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին», – ընդգծել է նախագահը։

«Այս ամենով հանդերձ, մենք թշնամանք չենք տածում թուրք ժողովրդի հանդեպ: Ավելին, փորձում ենք ստեղծել պայմաններ, որտեղ հայ և թուրք ժողովուրդները կկարողանան շփվել միմյանց հետ՝ գտնելու համար հաշտեցման ուղին», – ավելացրել է Սարգսյանը։

Նրա խոսքերով` հենց այդ նպատակով էր հայկական կողմը փորձում և հիմա էլ հավատարիմ է մնում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, թեև նման ցանկության մասին միայն հայտարարություններ են լսվում թուրքական կողմից:

Սարգսյանն ընդգծել է, որ եթե ցանկությունն իրոք անկեղծ է, ապա Թուրքիան լավ գիտի Հայաստան-Թուրքիա հաշտեցումը կյանքի կոչելու ուղին:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-