Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը. ՌԴ ԱԳՆ

29.03.2018, 20:50
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 5–ին հանդիպում կանցկացնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ:
Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 5–ին հանդիպում կանցկացնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, որի ժամանակ կքննարկեն նաև ղարաբաղյան հարցը։ Այդ մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապրիլի 5–ին կկայանա Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ, ով Մոսկվա կժամանի ՌԴ Պաշտպանության նախարարության կազմակերպած միջազգային անվտանգության Մոսկվայի 7–րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Ենթադրվում է մտքեր փոխանակել Դոնբասում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորման գործում ԵԱՀԿ–ի դերի վերաբերյալ»,– ասել է Զախարովան։  

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-