Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով` երկխոսության միջոցով. ՀՀ վարչապետ

21.03.2014, 19:54
Ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, այն պետք է կարգավորվի երկխոսության և բանակցությունների ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, Բրյուսելում անցկացվող Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով` երկխոսության միջոցով. ՀՀ վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, այն պետք է կարգավորվի երկխոսության և բանակցությունների ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, Բրյուսելում անցկացվող Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Ուկրաինայի ճգնաժամը լուրջ մարտահրավեր է մեր տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը: Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական բարդ միջավայրում և կանգնած լինելով անվտանգության լուրջ մարտահրավերների առջև, մշտապես աջակցել է վեճերի և ճգնաժամերի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվ մենք վստահ ենք, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի նախևառաջ այս սկզբունքի հիման վրա: Այն պետք է կարգավորվի երկխոսության և բանակցությունների ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։ Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է», – մեջբերեցին Սարգսյանի խոսքերը ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Նա ընդգծել է, որ այսօրվա Եվրոպայում պարզապես տեղ չկա առճակատող մոտեցումների համար: Նա վստահություն է հայտնել, որ անցյալի զինանոցից վերցրած այս մոտեցումներն անընդունելի են ԵԺԿ ընտանիքի քաղաքական ուժերի համար։

Այս համատեքստում ՀՀ վարչապետը նաև հիշեցրել է, որ Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ ունի մի շատ զգայուն հարց. դա նախևառաջ Լեռնային Ղարաբաղի հարցն է. և հավատարիմ է մնում հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայտարարված սկզբունքներին՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք։

Սարգսյանը վստահություն է հայտնել, որ մի գործընկերոջ հետ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը չպետք է տեղի ունենա մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին, նա նշել է, որ Հայաստանը կշարունակի վարել շահերի ներդաշնակեցման իր քաղաքականությունը։
«Մենք ձգտում ենք լինել մեր գործընկերներին կապող կամուրջ, այլ ոչ թե նրանց շահերի բախման հարթակ: Մաքսային միությանը միանալու մասին որոշումը կայացնելիս մենք առաջնորդվել ենք հենց այս սկզբունքով: Միաժամանակ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԵՄ հետ մեր հարաբերությունները կշարունակեն մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություն», – ընդգծել է վարչապետը։

Ղրիմում մարտի 16–ին ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվե անցկացվեց։ Պաշտոնական տվյալների համաձայն` ընտրողների ավելի քան 96 տոկոսը «կողմ» է քվեարկել Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառմանը։ Դաշնության խորհուրդը մարտի 21–ին վավերացրել է Ռուսաստանին Ղրիմի միանալու պայմանագիրն ու Ռուսաստանի Դաշնությունում երկու նոր սուբյեկտների` Ղրիմի հանրապետության և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքի կազմավորման մասին դաշնային սահմանադրական օրենքը։ Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Ղրիմի և Սևաստոպոլի Ռուսաստանին միանալու պայմանագրի վավերացման օրենքը և Ռուսաստանի կազմում նրանց ներառման ընթացակարգի մասին դաշնային սահմանադրական օրենքը, ինչպես նաև Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին օրենքը։

Մարտի 19–ին կայացած հեռախոսազրույցում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիներին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը։ Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը:–0–