Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+32

ԵԱՀԿ նախագահը Մինսկի խմբից առավել արդյունավետ աշխատանք է ակնկալում

15.07.2013, 13:59
ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Լեոնիդ Կոժարան կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող էր ավելի ակտիվորեն աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններում դրական առաջխաղացումներ ապահովելու ուղղությամբ։
ԵԱՀԿ նախագահը Մինսկի խմբից առավել արդյունավետ աշխատանք է ակնկալում
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Լեոնիդ Կոժարան կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող էր ավելի ակտիվորեն աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններում դրական առաջխաղացումներ ապահովելու ուղղությամբ։

«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ–ի և համանախագահների գործունեությանը, թեև  կարծում ենք, որ ՄԽ–ն կարող էր ավելի ակտիվորեն աշխատել, և ինչ-որ գործնական կոնկրետ արդյունքներ պետք է հայտնվեն այդ աշխատանքից, քանի որ ոչ մի միջազգային հակամարտություն դեռ չի լուծվել տարբեր համաժողովներից և նիստերից հետո։ Արդյունավետ գործնական աշխատանք է հարկավոր»,– երկուշաբթի Երևանում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց նա։

Ըստ նրա` Ուկրաինան նաև ելնում է նրանից, որ բանակցությունների գործընթացը պետք է աջակցվի բավական ինտենսիվ մակարդակում։
«Մենք գիտենք, որ տարբեր ձևաչափերով հանդիպումներ են տեղի ունենում` ինչպես նախարարների, այնպես էլ պետության ղեկավարների մակարդակում։ Մենք` որպես ԵԱՀԿ-նախագահ երկիր, շահագրգռված ենք, որպեսզի կապերը լինեն մշտական և հաճախակի»,– նշեց նա։

Կոժարան տեղեկացրեց նաև, որ սառեցված հակամարտությունների կարգավորումը ներկայացված է որպես ԵԱՀԿ–ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններից մեկը։

«Մենք կարծում ենք, որ քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները պետք է ավելի հաճախ հանդիպեն։ Ուկրաինան պատրաստ է ղարաբաղյան հակամարտության կողմերին աջակցել այդ հարցում և կլոր սեղանների և համաժողովների անցկացման համար իր տարածքը տրամադրել։ Ուկրաինան նաև աջակցում է ցանկացած գործունեության` ուղղված հակամարտության հումանիտար հետևանքները հաղթահարելուն»,– ավելացրեց նա։ –0–