Փետրվարի 1-ից գործելու են միայն տրանսպորտային քարտերով, բանկային քարտերով ու Telcell Wallet-ով ձեռք բերված փաթեթները․ քաղաքապետարան
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/ԱՌԿԱ/․ Փետրվարի 1-ից գործելու են միայն տրանսպորտային քարտերով, բանկային քարտերով ու Telcell Wallet-ով ձեռք բերված փաթեթները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Տերմինալների միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել միայն 90 րոպեանոց QR կոդով կարճաժամկետ տոմսեր:
Նշենք, որ 90 րոպեանոց ուղետոմսի արժեքն է 300 դրամ։
Ավելի վաղ քաղաքապետարանից հայտնել էին, որ արտոնյալ խմբերում չընդգրկված քաղաքացիները տրանսպորտային քարտ այս պահի դրությանբ կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից:
Տերմինալից օգտվելու դժվարություն ունեցողները հունվարի 14-ից՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն և 20:00-ից մինչև 23:00 ընկած ժամանակահատվածում կարող են դրամարկղի աշխատակցի օգնությամբ ձեռք բերել քարտերը: Ժամային սահմանափակման նպատակը ծանրաբեռնված ժամերին ուղևորահոսքերի հետ գործընթացի համընկնելը բացառելն է:
Նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև transport.yerevan.am կայքի միջոցով՝ ARCA, VISA, MASTER բանկային քարտերը կցելով (տրանսպորտային քարտ ձեռք բերել հարկավոր չէ):
Երևանի վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում) տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով՝ ARCA, VISA, MASTER, նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է այցելել անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
Նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև Telcell ընկերության սպասարկման կետերում, ինչպես նաև transport.yerevan.am կայքում։