ՀՀ–ում այսօր գրանցվել է կորոնավիրուսի 41 նոր դեպք, կկիրառվեն խիստ սահմանափակումներ. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանում այսօր հաստատվել է կոոնավիրուսով վարակման 41 նոր դեպք։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս դեպքերի ծավալը և աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ է առաջացնում։ Հայտնաբերվել են նոր դեպքեր Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում, Երևանի արտադրական ձեռնարկությունում, Էրեբունի համայնքում», – նշեց վարչապետը։
Նրա խոսքով, 235 անձանցից 26–ն ունեն թոքաբորբ այս պահին, նրանց վիճակը վերահսկելի է։
«41 նոր դեպքերի ծավալը և աշխահագրությունը որոշ անհանգստություններ է առաջացնում, և սրանով է պայմանավորված մի շաբաթով ավելի ընդարձակ սահմանափակումների կիրառումը՝ վիրուսի կանխարգելման նպատակով», – հայտնեց Փաշինյանը:
«Կորոնավիրուսիով վարակված 235 անձանցից 26-ն ունի թոքաբորբ այս պահին, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Ինչպես և նախկինում մեծ մասը ախտորոշվածների ջերմություն չունի: 34 մարդ ունի 37-38 աստիճան ջերմություն, 39 աստիճան՝ 6 հոգի, 39-ից բարձր ունի այս պահի դրությամբ մեկ հոգի», - ասաց ՀՀ վարչապետը։
Նա նաև ընդգծեց, որ այս պայմաններում անհրաժեշտ է ավելի խիստ սահմանափակումներ մտցնել և ավելի խիստ մոտենալ արգելքներին։
«Մասնավորապես վաղվանից կարգելվեն ռեստորանների և սրճարանների գործունեությունը, իհարկե, բացառություն կանենք, առաքման ծառայությունների համար: Պետք է արձանագրել, որ շինարարական աշխատանքները որոշակիորեն կդադարեն, տեքստիլ արդյունաբերական արտադրությունները, թեթև արդյունաբերության մի շարք ձեռնարկությունների գործունեությունը կդադարի: Մթերային խանութները կաշխատեն սովորական ռեժիմով, և բոլորը հնարավորություն կունենան գնումներ իրականացնել սովորական ռեժիմով»,- նշեց նա:–0–