Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Խորհրդարանը մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու նախագիծը

07.12.2021, 15:43
Խորհրդարանը մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու նախագիծը
Խորհրդարանը մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱԺ-ն այսօրվա նիստում մերժեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը։

Նախագծի հեղինակն էր «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նախագծով առաջարկում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունն ու բուժումը կատարել առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակում:

«Նշված կարգավորումը անհրաժեշտություն էր, քանի որ մի շարք այցեր զինվորական հոսպիտալներ ապացուցեցին այն, որ զինծառայողների պարագայում առաջնահերթ բժշկական օգնություն և սպասարկում նախատեսված չէ, և ստացվում է, որ սպան 14 օր առաջնագծում լինելուց հետո պետք է վերադառնա և 14 օրվա ընթացքում հնարավորություն ունենա կարգավորելու իր առողջական խնդիրները, հնարավոր է նա, ընդհուպ մինչև մեկ ամիս հերթի մեջ լինի տարբեր քաղաքացիական հիվանդանոցներում, օրինակ՝ ՄՌՇ հետազոտության հերթի մեջ լինի»,- ասաց Թովմասյանը։

Պատգամավորի խոսքով, նախաձեռնությունը պետական բյուջեի վրա որևէ ծանրաբեռնվածություն չի առաջացնում։

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ փոփոխությունները քննարկվել են մանրամասն գլխադասային հանձնաժողովում և բացասական եզրակացություն տվել տվյալ նախագծին։

«Փաստացի այդ արտոնությունները կառավարության ծրագրերով և որոշումներով արդեն իսկ տրվում են զինծառայողներին։ Այլ հարց է, որ կարող ենք քննարկել ընդլայնելու շրջանակները, մեծացնելու ծավալները, ուստի կոչ եմ անում քվեարկել դեմ»,- ընդգծեց Գաբրիելյանը։

Գործադիրն առաջարկել էր անփոփոխ թողնել գործող օրենքի համապատասխան հոդվածը: Կառավարությունը նույնպես բացասական եզրակացություն էր տվել:-0-