Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմիջնորդի Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ և «Սիներջի»-ի կալանավորված մյուս աշխատակիցների խափանման միջոցը փոխելու համար

06.02.2024, 15:49
Խմբակցությունում կարծում են, որ խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմիջնորդի Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ և «Սիներջի»-ի կալանավորված մյուս աշխատակիցների խափանման միջոցը փոխելու համար
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմիջնորդի, որպեսզի փոխվեն «Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների՝ Աշոտ Հովանեսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Սրա համար կան նաև որոշակի հանրային ազդակներ: Հատկապես հաշվի է առնվել, որ կան մեղմացուցիչ հանգամանքներ, հատկապես կանանց պարագայում՝ մանկահասակ երեխաների առումով: Երեկ խմբակցության նիստում քննարկել ենք: Ըստ էության, դրական ենք տրամադրված նրանց խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելու հարցով»,-ասաց Կոնջորյանը:

Միջնորդությունն, ըստ ամենայնի, պատգամավորները կներկայացնեն փետրվարի 6-ին:

Խմբակցությունում կարծում են, որ խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա: Պատգամավորների ստորագրությունները, սակայն, դեռ թղթի վրա չկան:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք խմբակցության նիստին, որում քննարկվել է միջնորդություն ներկայացնելու հարցը, ներկա է եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անի Գևորգյանը նրա եղբոր կինն է, Կոնջորյանը բացասական պատասխան տվեց, Սիմոնյանը փետրվարի 5-ի նիստին ներկա չի եղել:

Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով ձերբակալվել էին Էկոնոմիկայի նախարարի՝ պաշտոնից ազատված տեղակալ Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որն աշխատել է «Սիներջի» ընկերությունում, «Սիներջի» ընկերության հիմնադիր և ղեկավար Աշոտ Հովանեսյանը, ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։ Ավելի ուշ Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը, մյուս երեքը կալանավորվել էին:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–