Սոցապ նախարարությունը գործարկել է կայք միանվագ ֆինանսական օգնության տրամադրման համար
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./ԱՌԿԱ/. Արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե` ոչ, այս հարցը կօգնի պարզել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործարկած նոր կայքը:
Այս մասին նշվում է նախարարության Facebook-յան էջում:
«Գործարկվել է http://online.ssa.am/ կայքը, որի միջոցով կարող եք տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե` ոչ»,- նշվում է հայտարարության մեջ:
Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով ձեր տվյալները՝ կարող է տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ ցուցակում ներառված լինել կամ չլինելու մասին։ Ծրագրերի շահառու հանդիսանալու դեպքում կտեսնեք նաև այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվել է ձեզ համար նախատեսված գումարը: Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ տվյալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ միանվագ աջակցությունը:
«Նշենք, որ գումարը բանկում հասանելի կլինի երեք ամիս, եթե այդ ընթացքում գումարի նկատմամբ պահանջ չառաջադրեք, այն հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նախարարությունից նաև նշում են, որ «Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» (4-րդ միջոցառում) ծրագրի շահառուների ցանկը, ամբողջական չէ և պարբերաբար թարմացվում է:
Ուստի, Ձեր տվյալները ցանկում չգտնելու պարագայում, փորձեք դրանք վերստուգել որոշ ժամանակ անց:
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Ապրիլի 7–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 853 դեպք։ Առողջացել է 87 պացիենտ: Փաստացի բուժվողների թիվը՝ 758, բացասական թեստերի թիվը 4287 է: Մահացել է, ցավոք, 8 մարդ: -0-