Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՏՄՊՊՀ–ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

03.04.2020, 20:37
Կոճապղպեղի գնի բարձրացման ուղղությամբ հանձնաժողովի ուսումնասիրությունը դեռևս ընթացքի մեջ է, այս պահին դիտարկվում է մատակարարների կողմից իրականացված ձեռքբերումների շղթան
ՏՄՊՊՀ–ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում մինչև մարտի 25-ը կոճապղպեղի 1 կգ-ի վաճառքի գինը կազմել է 3790 դրամ, մարտի 26-ից 29-ը՝ նշված ապրանքատեսակը վաճառքում առկա չի եղել, մարտի 30-ից մինչև մարտի 31-ը գինը կազմել է 15 000 դրամ. հաղորդում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը: 

«Քարֆուր» սուպերմարկետում մինչև մարտի 26-ը կոճապղպեղի վաճառքի գինը կազմել է 1 կգ-ի դիմաց 4590 դրամ, այնուհետև մինչև մարտի 29-ը վաճառքում չի եղել, մարտի 30-ից մինչև մարտի 31-ը գինն արդեն կազմել է 16 990 դրամ: 

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ «Նոր Զովք» և «Քարֆուր» սուպերմարկետներում կոճապղպեղի գնի բարձրացումը պայմանավորված է եղել մատակարար կազմակերպության կողմից գնի բարձրացմամբ: 

«Միաժամանակ հարկ է արձանագրել, որ վերոնշյալ սուպերմարկետների մատակարար ընկերությունը չի հանդիսանում կոճապղպեղ ներմուծող: Հանձնաժողովն ուսումնասիրում է միջնորդ ընկերության՝ մատակարարի ձեռքբերման աղբյուրները, քանակները և գինը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Հարկ է նշել նաև, որ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի տրամադրած տեղեկատվության համաձայն, որը կոճապղպեղի ձեռքբերումն իրականացրել է անմիջապես ներմուծողից, մարտ ամսին կոճապղպեղի իրացման առավելագույն գինը 1 կգ-ի դիմաց կազմել է 3500 դրամ: 

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել, մարտ ամսվա վերջից այս ապրանքատեսակն այլևս վաճառքում առկա չէ: 

«Կոճապղպեղի գնի բարձրացման ուղղությամբ հանձնաժողովի ուսումնասիրությունը դեռևս ընթացքի մեջ է, այս պահին դիտարկվում է մատակարարների կողմից իրականացված ձեռքբերումների շղթան», – հայտնում են ՏՄՊՊՀ–ից: 

Համաձայն ՀՀ ԿԵ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության՝ 2020 թվականի մարտ ամսին կոճապղպեղ ներկրվել է 7 տնտեսվարող սուբյեկտի կողմից 4 երկրներից՝ Նիդերլանդներ, Վրաստան, ՌԴ և ԱՄԷ: 

2020 թվականի մարտին կոճապղպեղի ներկրումը կազմել է շուրջ 11 000 կգ, փետրվարին՝ շուրջ 9 000 կգ: 

Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանում սոցցանցերի օգտատերերը սկսել էին բողոքել կոճապղպեղի գնի կտրուկ աճից։ Ըստ հրապարակումների, 1կգ կոճապղպեղի գինը կտրուկ աճել է` 3 հազար դրամից դառնալով մոտ 16 հազար դրամ։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խոստացել էր ուսումնասիրել իրավիճակն ու հանդես գալ հայտարարությամբ։–0–