Երևանում 250 ավտոբուսի վարորդներ հրաժարվում են դուրս գալ երթուղի
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./ԱՌԿԱ/. Երևանի հյուսիսային շրջանների բնակիչները կրկին բողոքում են հասարակական տրանսպորտի հետ կապված լուրջ խնդիրներից։
Սոցցանցերի օգտատերերի հաղորդմամբ, Ավանում միանգամից երկու երկթուղու վարորդներ դուրս չեն եկել երթուղի։ Նրանք գործադուլ են հայտարարել, ինչի հետևանքով քաղաքացիները չեն կարողանում հասնել քաղաքի կենտրոն, խնդիրն ավելի շատ խորանում է Ավանը կենտրոնի հետ կապող Մյասնիկյանի պողոտայի վրա առաջացած հսկայական խցանմամբ։
Իրավիճակը Facebook–յան իր էջում մեկնաբանել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Երևանում հանրային ուղևորափոխադրում իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ Այս պահին խնդիրը կարգավորվում է», – նշել է Կարապետյանը։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, բողոքի ակցիային մասնակցում է ավտոբուսի ավելի քան 250 վարորդ, որոնք դեմ են ավտոբուսի վարորդի գլխավերևում տեղադրված տեսախցիկներին և հատուկ արկղերին, որոնք նախատեսված են ուղեվարձը հավաքելու համար։
Վարորդների խոսքերով, արկղը տեղադրված է արգելակման ձողի մոտ, և այն վտանգ է ներկայացնում, քանի որ վարորդը ղեկը կառավարելու ժամանակ լուրջ խոչընդոտի է հանդիպելու, իսկ դրա հետևանքով չի բացառվում՝ վթար տեղի ունենա:
Միաժամանակ վարորդները ներկայացնում են մի շարք պահանջներ` նշելով, որ դիսպետչերական կետերում չկա որևէ պայման, այդ թվում` սանհանգույց և հանգստի սենյակ։
Ավտոբուսների վարորդները նաև նշում են, որ մինչև վարորդի խցիկում տեսախցիկներ տեղադրելը պետք է ստեղծել պայմաններ փողոցով նորմալ երթևեկելու համար, քանի որ փողոցներում և հատկապես կանգառներում բարձիթողի վիճակ է։ Հաճախ անհնար է կայանալ ուղևորներին իջեցնելու կամ նստեցնելու համար, իսկ այլ վայրերում կայանալու համար վարորդները տուգանվում են։
Վարորդները պահանջում են, որպեսզի քաղաքապետարանը լուծի կուտակված խնդիրները, հակառակ դեպքում սպառնում են շարունակել բողոքի ակցիան։
Նրանք նաև ներողություն են խնդրել բնակչությունը պատճառված անհարմարության համար` նշելով, որ չեն կարող աշխատել ստրուկի պես օրական 14 ժամ 60–70 հազար դրամ աշխատավարձով։
Հիշեցնենք, որ փետրվարին էլ էր ստեղծվել նման իրավիճակ նույն վարչական շրջանում, քանի որ Երևանի քաղաքապետարանը փորձում էր աշխատանքից ազատել «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենին։–0–