Рейтинг@Mail.ru
USD
394.58
EUR
428.4
RUB
4.447
GEL
142.19
եղանակը
Երևանում
+5

Երևանում ավտոբուսների համար կառանձնացվեն հատուկ գծեր

30.01.2023, 13:29
Նոր ավտոբուսներով հասարակական տրանսպորտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կանգառների սահմանները կմեծացվեն, այս կերպ հնարավոր կլինի նաև խուսափել խցանումներից
Երևանում ավտոբուսների համար կառանձնացվեն հատուկ գծեր
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./ԱՌԿԱ/. Երևանի և Թեհրանի միջև հաստատված գործակցության շրջանակում կյանքի կկոչվեն նոր ծրագրեր:

Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ամփոփելով այցի արդյունքները՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ հաշվի առնելով ԻԻՀ մայրաքաղաքի փորձը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ:

Հարկ է նշել, որ Թեհրանի մետրոպոլիտենն այսօր ունի 250 կմ ցանց, 143 գործող կանգառ և մեկ օրում տեղափոխում է շուրջ 2 մլն ուղևոր: Մշակութային ոլորտում ևս երկու մայրաքաղաքները մի շարք ծրագրեր են դիտարկում:
  • Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր, որպես նախագծի մեկնարկ դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները:
  • Նոր ավտոբուսներով հասարակական տրանսպորտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կանգառների սահմանները կմեծացվեն, այս կերպ հնարավոր կլինի նաև խուսափել խցանումներից: Հանձնարարվել է սկսել կանգառների գույքագրման գործընթացը:
  • Տրոլեյբուսների և համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կտեղադրվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Զեկուցվել է, որ կայանը մի քանի օրից կլինի Երևանում:
  • Քաղաքապետարանի մասնաշենքերի տանիքներին ավարտվել են արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքները: Ծրագիրը հնարավորություն կտա շուրջ 30 տոկոսով նվազեցնել էներգածախսը: Տնտեսված միջոցները համայնքը կուղղի բնակիչների բարձրացրած խնդիրների լուծմանը:
  • Համայնքը նախատեսում է սկսել կիսակենսունակ և ոչ արժեքավոր ծառերի փոխարինման գործընթաց: Խնդրին մասնագիտորեն հիմնավորված մոտեցում ցուցաբերելու նպատակով ոլորտի գիտնականների մասնակցությամբ կհրավիրվի գիտաժողով, համատեղ կմշակվի գործողությունների ծրագիր:–0–