Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Արենիում անցկացվող գինու հինգերորդ ավանդական փառատոնը մոտ 10 հազար մասնակից կունենա

03.10.2013, 13:45
Արենի գյուղում կազմակերպվող գինու 5–րդ ավանդական փառատոնին մոտ 10 հազար մարդ կմասնակցի, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։
Արենիում անցկացվող գինու հինգերորդ ավանդական փառատոնը մոտ 10 հազար մասնակից կունենա
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արենի գյուղում կազմակերպվող գինու 5–րդ ավանդական փառատոնին մոտ 10 հազար մարդ կմասնակցի, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

Փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 4–6–ը։ Փառատոնն այս տարի ընդլայնել է իր սահմանները` ընդգրկելով Վայոց Ձորի մարզում գինեգործությամբ աչքի ընկնող Ռինդ, Արենի և Եղեգնաձոր համայնքները, որտեղ կկազմակերպվի տեղական գինու ավանդական համտես, ինչպես նաև խաղողաքաղ, բերքի տոն, մրցույթներ, ավանդական խաղեր և թատերական բեմադրություններ։ Շուրջ 12 արտադրող և մոտ 40 տնային տնտեսություն կներկայացնի սեփական արտադրության գինին։

Փառատոնի նպատակն է նպաստել միջազգային և ներքին զբոսաշրջային շուկայում Վայոց Ձորի մարզի, Արենի, Ռինդ, Եղեգնաձոր և շրջակա համայնքների` որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջավայրի (այդ թվում' գինեգործության բնօրրանի և միջազգային գինու ճանապարհի կարևորագույն բաղկացուցիչ մասերից մեկի) նկարագրի ձևավորմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանը, հայկական ավանդույթների և մշակույթի պահպանությանն ու զարգացմանը, Հայաստանի համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը:

«Փառատոնը երկրի մարզերում զբոսաշրջության դիվերսիֆիկացման և սիմետրիկ զարգացման միջոցներից մեկն է, այն պետական և մասնավոր հատվածների համագործակցության վառ օրինակ է», – ասաց Ապրեսյանը։

Ինչպես նշեց Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը, փառատոնի հիմնական նպատակը երկրում գինի ըմպելու կուլտուրայի բարձրացումն ու տեղական արտադրանքի արտահանման խթանումն է։

«Հայաստանում փառատոնի անցկացման տարիների ընթացքում ոլորտի զարգացման միտում է նկատվում, մասնավորապես, ի հայտ են եկել հինգ նոր ընկերություններ, ընդլայնվում է արտահանման աշխարհագրությունը, իսկ արտահանվող արտադրանքը որակական փոփոխություններ է կրում», – ասաց Միրզոյանը։

Փառատոնին կմասնակցեն Ռուսաստանից, Վրաստանից, Իտալիայից ժամանած զբոսաշրջիկներ, ինչպես նաև Ֆրանսիայից և Պորտուգալիայից հատուկ հրավիրված փորձագետ–գինեգործներ, ովքեր վարպետության դասընթացներ կանցկացնեն տեղի գինեգործների համար։

Բոլոր ցանկացողները կարող են փառատոնին մասնակցել`օգտվելով Արենի տանող հատուկ ավտոբուսներից, որոնք կմեկնեն Երևանի Հանրապետության Հրապարակից առավոտյան ժամը 10–ին, իսկ կվերադառնան Արենի գյուղից ժամը 17։00–ին։

Փառատոնը կազմակերպվում է «Արենի» Փառատոն» հիմնադրամի կողմից, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի, Հայաստանի համայնքների միության, ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի, Արենի, Ռինդ, Եղեգնաձոր համայնքների սերտ համագործակցությամբ:

Փառատոնի նպատակն է ներկայացնել Հայաստանը որպես գինեգործության օրրաններից և կարևորագույն կենտրոններից մեկը, ինչպես նաև գրավիչ դարձնել երկիրը զբոսաշրջության տեսակետից։

Գինու առաջին փառատոնը կազմակերպվել է 2009 թ.–ին և երեք տարվա ընթացքում հայտնի է դարձել ոչ միայն Հայաստանում, այլև` նրա սահմաններից դուրս։

Վերջին հնեաբանական հետազոտությունների համաձայն, Հայաստանն աշխարհի գինեգործության հիմնադիրներից մեկն է,  մասնավորապես Արենի քարանձավի տարածքում իրականացված հետազոտությունները թույլ տվեցին գինեգործության արհեստի հին վկայություններ հայտնաբերել։

Հայաստանի քարանձավներից մեկում հայտնաբերվեց աշխարհի գինու` մինչ օրս հայտնաբերված ամենահին արտադրամասը, ինչը վկայում է, որ խաղողից գինի ստանալու եղանակը մարդկանց հայտնի է եղել դեռևս պղնձե դարում՝ ավելի քան 6 000 տարի առաջ։ Այս արտադրամասը մինչ օրս գինու արտադրության հայտնաբերված ամենահին և ամենաամբողջական արտադրամասն է, որտեղ առկա են գինու մամլիչ, խմորման մի քանի գուռ և պահեստավորման անոթներ։-0-