Рейтинг@Mail.ru
USD
364.47
EUR
424.21
RUB
4.2633
GEL
139.46
2026 թ. օգոստոսի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+34

Կառավարությունը շուրջ 1,3 մլրդ դրամ է հատկացրել Անկախության 35–ամյակի տոնակատարությունների կազմակերպման համար

Այսօր, 16:02
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման համար 1,3 մլրդ դրամ հատկացնելու որոշմանը
Կառավարությունը շուրջ 1,3 մլրդ դրամ է հատկացրել Անկախության 35–ամյակի տոնակատարությունների կազմակերպման համար

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման համար 1,3 մլրդ դրամ հատկացնելու որոշմանը:

Մասնավորապես, Հայաստանի անկախության 35-ամյակի տոնակատարության միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 17-ին Իջևանում, այնուհետև սեպտեմբերի 18-ին՝ Վանաձորում, 19-ին՝ Կապանում, 20-ին՝ Գյումրիում: Նախատեսված են տարբեր ժանրերի մեծ համերգներ:

Հոբելյանական միջոցառումների շարքը կեզրափակվի սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք համերգով:

Համերգին նախատեսվում է հայտնի հայ կատարողների և երաժշտական կոլեկտիվների, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հովհաննես Չեքիջյանի անվան Ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությունը: Մասնակիցների թվում նշված են Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Իվետա Մուկուչյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գևորգ Հակոբյանը, Արամ MP3-ն, «Կարեն-Սևակ Բենդը»:

Ակնկալվում է, որ Հանրապետության հրապարակի համերգը կհավաքի շուրջ 40 հազար հանդիսատես: Նշվում է նաև, որ միջոցառումների անցկացումն ուղղված է անկախ Հայաստանի ձեռքբերումների հանրայնացմանը, ազգային ինքնագիտակցության և քաղաքացիական պատասխանատվության ամրապնդմանը, ինչպես նաև Երևանում և մարզերում մշակութային կյանքի զարգացմանը: