Հայաստանը 2027թ․–ից ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․ /ԱՌԿԱ/. Հայաստանը Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոն կսահմանի։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հինգշաբթի կայացած նիստում։
Որոշման հիմնավորման համաձայն՝ նախատեսվում է, որ ռազմական կցորդը պարտականությունների կատարմանը կանցնի 2027 թվականի հունվարի 1-ից՝ Լեհաստանի ԱԳՆ-ին նշանակման մասին ծանուցումից, հավատարմագրման ընթացակարգի ավարտից և համապատասխան համաձայնության ստացումից հետո։
Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 34 տարվա ընթացքում, երկկողմ համագործակցությունը հետևողականորեն զարգացել է, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։
Պաշտպանական համագործակցության հիմքերից է 2004 թվականի սեպտեմբերի 6-ին երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը։
Բացի այդ, 2026 թվականի փետրվարի 26-ին Վարշավայում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր։
Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, Լեհաստանում ՀՀ ռազմական կցորդի առկայությունը կնպաստի պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հետագա խորացմանը և ռազմատեխնիկական փոխգործակցության ընդլայնմանը։
Ներկայումս երկու երկրների միջև համագործակցությունը ներառում է հրահանգիչների պատրաստումը, միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցությունը, կին զինծառայողների իրավունքների պաշտպանության, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության, ներքին աուդիտի և հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրման ոլորտներում փորձի փոխանակումը։
Հետագայում համագործակցությունը կարող է ընդգրկել նաև ռազմաքաղաքական պարբերական խորհրդակցություններ, ռազմական կրթություն, արհեստավարժ սերժանտական կազմի և անձնակազմի մարտական պատրաստություն, ռազմական բժշկություն և այլ ուղղություններ։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ Հայաստանը Լեհաստանի հետ համագործակցությունը դիտարկում է նաև որպես կարևոր կամուրջ Հայաստանի և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Եվրոպական միության միջև։